20 սեպտեմբերի 2012 - 10:47 AMT
Հենրիխ Մխիթարյանի դուբլը «Շախտյորին» հաղթանակ է բերել Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում

Ուկրաինայի չեմպիոնի համար հեշտ չէր Չեմպիոնների Լիգայի դեբյուտանտ «Նորշելլանդի» հետ խաղում, սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկու գոլերի շնորհիվ, տանտերերը կարողացան հաղթանակ տանել դանիացիների նկատմամբ: Մխիթարյանը հաշիվը բացել է առաջին խաղակեսի ավարտին, իսկ 76-րդ րոպեին վստահորեն ապահովել իր թիմին 3 միավորով:

Նախորդ հաղթանակը Դոնեցկի թիմը տոնել է 2011թ մարտի 8-ին 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումում ` 3:0 հաշվով առաջ անցնելով «Ռոմայից»:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ընդգծել է, որ սա ծանր խաղ էր և բոլորը տեսան, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: «Սա Ուկրաինայի առաջնությունը չէ: Այս մակարդակում թիմերը լավ կազմակերպված են: Ես գոհ եմ իմ թիմի պաշտպանությունից, քանի որ տղաները գրեթե թույլ չեն տվել, որ մեր դարպասների մոտ վտանգավոր պահեր առաջանան: Երբ պաշտպանությունն ամուր է, միջին գծի ֆուտբոլիստները վստահություն են ձեռք բերում»,-Լուչեսկուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: