11 մարտի 2005 - 11:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՒԲԱՅԻ ԴԵՍՊԱՆ. «ԴԵՍՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ` ԴԱ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔ Է»
«Ես ծանոթ եմ ղարաբաղյան հակամարտության խնդրին եւ ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի օժանդակեմ խաղաղությանը երկրի վրա»,- հայտարարել է Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Ուզբեկստանում Կուբայի դեսպան (նստավայրը Մոսկվայում է) Խորխե Մարտինեզը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Դեսպանի խոսքերով` վերջերս նա իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանում, օրակարգում է Վրաստանում եւ Ուզբեկստանում հավատարմագրերի հանձնումը: Այն հարցին, թե «դժվար չէ՞ համատեղել դիվանագիտական գործունեությունը երկու հակամարտող երկրներում` Հայաստանում եւ Ադրբեջանում», դիվանագետը պատասխանել է, որ «դեսպանի աշխատանքը` դա վստահության եւ փոխըմբռնման կամուրջներ կառուցողի աշխատանք է»: