«Եթե դատելու լինենք ըստ որոշ նշանների, հայ-թուրքական հարաբերություններում կարող է դրական բեկում լինել»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տառասովը՝ մեկնաբանելով թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունները դեպի Հայաստան տանող մայրուղու շտապ վերանորոգման մասին:
«Թուրքիայի վրա հիմա հսկայական ճնշում է գործադրվում՝ նպատակ ունենալով ստիպել նրան վավերացնել հայտնի Ցյուրիխյան արձանագրությունները: Այդ մասին են վկայում եվրոպացի քաղաքական գործիչների մի շարք հայտարարությունները, Ֆրանսիայի գործողությունները: Սակայն, սա դեռ ենթադրություն է: Այնուամենայնիվ, կարծես, Անդրկովկասը աշխարհաքաղաքական փոփոխությունների փուլ է մտնում»,- ասել է ռուս քաղաքագետը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների Իգդիր գավառում վերանորոգման աշխատանքներ են ընթանում դեպի Հայաստան տանող ճանապարհի վրա՝ այն ընդլայնվում է ու ասֆալտապատվում: Տեղի բնակչությունն անհանգստացած է, որ ինտենսիվ աշխատանքները կապված են Թուրքիայի ու Հայաստանի սահմանի բացման հետ: