23 սեպտեմբերի 2012 - 16:58 AMT
ԱԳ նախարար. Իսրայելը չի համաձայնի վերանայել Եգիպտոսի հետ խաղաղ պայմանագիրը

Իսրայելը չի համաձայնի Եգիպտոսի հետ խաղաղ համաձայնագրերի վերանայմանը, որոնք ենթադրում են սահմանամերձ Սինայի թերակղզու ապառազմականացում, չնայած այդ շրջանում ակտիվացող ահաբեկչությանը: Այս մասին սեպտեմբերի 23-ին ասել է իսրայելական ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ Եգիպտոսն արդեն Սինայում բավարար ուժեր ունի, որպեսզի կարողանա հաղթել ծայրահեղական խմբավորումներին, որոնցից մեկը ուրբաթ օրը գրոհել է իսրայելցի զինվորականների վրա: Հրաձգության ընթացքում սպանվել է 3 գրոհային և մեկ իսրայելցի զինծառայող:

Իսրայելը սատարում է այն ռազմական օպերացիային, որը Եգիպտոսը սկսել է Սինայի թերակղզում այն բանից հետո, ինչ գրոհայինները հարձակվել են սահմանամերձ պահակակետի վրա և սպանել 16 եգիպտացի զինվորականների: