24 սեպտեմբերի 2012 - 15:45 AMT
Եղիշե Չարենցի և Մհեր Մկրտչյանի արձանների մոտակայքում կտեղադրվեն տեսախցիկներ

Շարունկավում է «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների և արվեստագետների արձանների տեղադրման ծրագիրը: Քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատալով տվյալ տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մայրաքաղաքաում տեղադրվել են Եղիշե Չարենցի և Մհեր Մկրտչյանի արձանները: Արձանների տեղադրումից երկու օր անց պարզվել էր, որ քաղաքացիների անփույթ վերաբերմունքի պատճառով կոտրվել է Մհեր Մկրտչյանի արձանի մատը:

Քաղաքապետարանից տեղակացնում են նաև, որ մետրոյի «Հանրապետության հրապարակի» և «Գարեգին Նժդեհ» կայարանների հարակից տարածքներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել նախագիծ-նախահաշիվ և համապատասխան քայլեր ձեռնարկել այդ աշխատանքներում հանրավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նախատեսվող միջոցառումների ծրագրի վերաբերյալ և ցանկության դեպքում ապահովել հասարակական կառուցների և քաղաքացիների մասնակցությունը: