26 սեպտեմբերի 2012 - 19:16 AMT
Սիրիայում մեկ ու կես տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 30 հազար մարդ, պնդում են Լոնդոնում սիրիական իրավապաշտպանները

«Մարդու իրավունքների պահպանման և մոնիթորինգի սիրիական կենտրոնի» (OSDH) իրավապաշտպանները հայտարարում են, որ Սիրիայում մեկ ու կես տարվա ընթացքում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 30 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

Լոնդոնում տեղակայված կազմակերպության տվյալներով, Սիրիայում սպանվածների թվում են 21 հազար 534 քաղաքացիներ, 7 հազար 322 զինծառայողներ և 1 հազար 168 դասալիքներ:

Արևմտյան ԶԼՄ-ները պարբերաբար հրապարակում են տվյալներ, որոնք ստացվում են OSDH-ից: Մինչ այդ ռուսական ԱԳՆ-ն հայտարարում է, որ կազմակերպության հաղորդած տվյալների արժանահավատությունը կասկածելի է` հաշվի առնելով, որ այնտեղ աշխատում է ընդամենը երկու մարդ:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը: