27 սեպտեմբերի 2012 - 13:10 AMT
Բելառուսում ընթանում է դատավորների 2-րդ միջազգային համաժողովը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել սեպտեմբերի 27-28-ը Մինսկում մեկնարկած «Արդարադատության արդյունավետությունն ու որակը. Ժամանակակից տեխնոլոգիաները և մոտեցումները» թեմայով դատական իրավունքների պաշտպանության հրավերով դատավորների հանրության 2-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին: Ուղերձում Միհրան Պողոսյանը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իր անունից շնորհավորել է Բելառուսի Հանրապետությանը՝ տնտեսական արդարադատության 90-ամյակի առիթով:

«Տնտեսական վեճերի լուծման բարձր որակը, օպերատիվությունը և արդարադատության մատչելիությունը ցանկացած երկրի տնտեսության առաջընթացի ամենակարևոր գրավականներից են: Այդ առումով տնտեսական արդարադատության մեջ ներգրավված դատավորներին, դատական համակարգի բոլոր աշխատողներին և բոլոր նրանց, ովքեր հոբելյանն իրենցն են համարում, իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքում մաղթում եմ մեծ խանդավառություն և արդարադատությանը ծառայելու անբեկանելի կամք:

Վստահ եմ, որ Բելառուսի Հանրապետության Գերագույն տնտեսական դատարանի կողմից հոբելյանի առիթով կազմակերված ֆորումը, որը նվիրված է արդարադատության իրականացման վրա ժամանակակից տեխնոլոգիանների ազդեցությանը, դատարանների և դատավորների մասնագիտացման ուղղությամբ դատական համակարգի զարգացմանը, կդառնա հերթական լավ առիթը տարբեր երկրների արդարադատության մարմինների միջև տեղեկատվության և դրական փորձի փոխանակման, միջազգային համագործակցության ամրապնդման և զարգացման համար: Միանշանակ, գնահատելի է նման բարձր մակարդակով այդպիսի՝ չափազանց ակտուալ խնդիրների կարևորումը և քննարկումը»,- ասված է ուղերձում:

Միհրան Պողոսյանը ողջունել է ֆորումի բոլոր մասնակիցներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ: