27 սեպտեմբերի 2012 - 16:39 AMT
Ս. Սաֆարյան. Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լուրջ թեկնածու դառնալ նախագահական ընտրություններում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում ընդդիմության լուրջ թեկնածուներից մեկն է, ում շուրջ կարող է համախմբվել ընդդիմադիր դաշտը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, գալիք ընտրությունների ինտրիգներից մեկն այն է, թե ով կդառնա ընդդիմության թեկնածուն: «Որոշակի պարզություն է մտցրել «Ժառանգությունը» և մեր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարել է ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Իհարկե, ավելի հստակ նա այդ մասին կհայտարարի հոկտեմբերի 1-ին»,- նշել է Սաֆարյանը:

Նա հավելել է, որ այլ ինտրիգ է մնում «Բարգավաճ Հայաստանի» հարցը` ում կառաջադրի կուսակցությունը կամ ում կաջակցի: Ինչ վերաբերվում է ընտրություններին ՀՅԴ մասնակցությանը, ապա Սաֆարյանի կարծիքով, ՀՅԴ-ն հազիվ թե առաջադրի Վահան Հովհաննիսյանի թեկնածությունը, ով արդեն եղել է կուսակցության թեկնածուն 2008-ի ընտրություններում: Սաֆարյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այս ընտրություններում կաջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նա նաև կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Միաժամանակ նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե իր կարծիքով այս ընտրություններում ում կաջակցի Հայ ազգային կոնգրեսը: