«Հայաստանում գյուղացիական արժեքային շղթաների ապահովում` գյուղացիներին շուկա մուտք գործելու հնարավորություն տալու համար» ծրագիրը մեկնարկում է հանրապետության Լոռի, Գեղարքունիք և Արմավիրի մարզերի` Գարգառ, Ագարակ, Խաչաղբյուր և Լուկաշին գյուղերում: Սա Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության, Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակի և Հեյֆեր Լեհաստանի համատեղ ծրագիրն է:
Հեյֆեր Ինթերնեյշնլ Հայաստանյան գրասենյակի, Հեյֆեր Լեհաստանի և Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ այս ծրագիրը նախատեսում է բարձրացնել գյուղացիների արտադրանքների մրցունակությունը`բարձրացնելով նրանց իրազեկվածությունն ու անհրաժեշտ նյութական միջոցներ և սարքավորում տրամադրել նրանց գործունեության համար: Երկու ենթածրագրով այս նախաձեռնության առաջին մասի բացումը տեղի ունեցավ 2012 թ. սեպտեմբերի 25-ին` Լուկաշին Համայնքում, որտեղ կազմակերպությունների ներդրումների շնորհիվ տեղակայվել են մրգի մթերման, չորացման և պահպանման սարքավորումներ: Ծրագրի բացման երկրորդ մասը տեղի ունեցավ 2012 սեպտեմբերի 26-ին` Գարգառ համայնքում, որտեղ էլ ֆերմերների համար ձեռք էր բերվել կաթի սառեցման սարքավորում:
Միջոցառումներին մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության հյուպատոս Անջեյ Շմիդտկեն, առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին, Հեյֆեր Լեհաստանի և Հեյֆեր Հայաստանի ներկայացուցիչներ:
Լուկաշին համայնքի ներկայացուցիչ Վարդգես Դավթյանը, մեկնաբանելով միջոցառումը, նշեց. «Նմանատիպ ներդրումները կտրուկ բարձրացնում են գյուղացիների մրցունակությունը շուկայում: Մեր ֆինանսական միջոցները չեն բավարարում այսպիսի սաքավորումներ ձեռք բերել, ինչն էլ խոչընդոտում է փոքր ֆերմերի մուտքը շուկա: Նման միջոցառումները կնպաստեն շուկայի զարգացմանն ու գյուղացիների եկամուտների ավելացմանը: Շատ շնորհակալ ենք Հեյֆերին և Լեհ գործընկերներին` մեզ աջակցելու համար »: