27 սեպտեմբերի 2012 - 21:35 AMT
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության ղեկավարը ողջունել է հյուրին և գոհունակություն հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված դինամիկայի կապակցությամբ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիությամբ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը նոր խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ մեր երկիր է ժամանել այն հստակ համոզվածությամբ, որ Հայաստանը միանշանակ է տրամադրված ինտեգրման գործընթացում Եվրոպական միությանն ավելի մոտենալու հարցում, և այժմ պետք է քննարկել կարողությունների շրջանակը, որը թույլ կտա բարեփոխումների օրակարգից անցնել կոնկրետ գործողությունների՝ հստակեցնելով, թե ինչպես Եվրոպական հանձնաժողովը կարող է օգտակար լինել այդ հարցում:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման ուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթացը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ընդհանրության մասին: