28 սեպտեմբերի 2012 - 10:33 AMT
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Վիեննայում տեղի ունեցած նախարարական համաժողովին

Սեպտեմբերի 25-27-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ավստրիայի տնտեսության, ընտանիքի և երիտասարդության հարցերով նախարարության կազմակերպած «Կովկաս և Կենտրոնական Ասիա. աջակցություն կայուն աճին գլոբալ տնտեսական մարտահրավերների դարաշրջանում» խորագրով նախարարական համաժողովին, որի ընթացքում քննարկվեցին առևտրի, ներդրումների, ֆինանսների, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցերը, ինչպես նաև եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները:

Սեպտեմբերի 26-ին միջոցառման շրջանակներում նախարար Դավթյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի Առևտրական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Բալաշ Քիշի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բաչըրի, ինչպես նաև Ավստրիայի տնտեսության, ընտանիքի և երիտասարդության հարցերով դաշնային նախարար Ռայնհոլդ Միթերլեհների հետ: Զրուցակիցների հետ քննարկվեց առևտրատնտեսական ոլորտում երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Համաժողովին և վերջինիս շրջանակներում կայացած քննարկումներին մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:

Սեպտեմբերի 27-ին Վիեննայի Առևտրատնտեսական պալատում կայացավ հարավկովկասյան և կենտրոնաասիական երկրների գործարարների հանդիպում «Business to Business» ձևաչափով, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայկական զարգացման գործակալությունը` Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ, Հայաստանից ժամանած գործարարներ, ինչպես նաև Վիեննայում ՀՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով պատասխանատու ներկայացուցիչը: Ավստրիական կողմից գործարար հանդիպումներին իրենց մասնակցությունը բերեցին 100-ից ավել ձեռնարկատերեր և ոլորտի կազմակերպիչներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը;