28 սեպտեմբերի 2012 - 11:33 AMT
Ստորագրվել է ՀՀ և Բութանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի և Բութանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրման արարողությունը, որին նախորդեց երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Լյոնպո Խանդու Ուանգչուկի հանդիպումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրույցի ընթացքում նախարարները կարևորեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի միջազգային կառույցներում համագործակցության ծավալմանը և բարեկամական փոխգործակցության ձևավորմանը:

Նախարար Ուանգչուկը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրեց Բութանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին:

Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկեցին Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքները, միջազգային կազմակերպություններում համագործակցության, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: