21 մարտի 2005 - 08:43 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ
Հայաստանում առանձնահատուկ սիրով են վերաբերվում ռուսական արվեստին եւ անհամբերությամբ սպասում Ռուսաստանի մշակութային գործիչների հետ հանդիպումներին: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանում Ռուսաստանի տարվա բացման առնչությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ուղերձում: Ինչպես նշվում է ուղերձում, գործնական մեծ նշանակություն կարող է ունենալ մեր պետությունների գիտության եւ կրթության, գործարար միությունների ներկայացուցիչների շփումը, մարզերի մակարդակով կապերը: «Խորհրդանշական է, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացումը համընկնում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 60-ամյակին: Մեր ընդհանուր պատմության այդ հերոսական էջը միահյուսել է մեր ժողովրդների ճակատագրերը եւ ավելի է մերձեցրել նրանց»,-նշել է Ռոբերտ Քոչարյանը: «Կցանկանայի համոզվածություն հայտնել, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացումը թույլ կտա լրացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր գաղափարներով եւ նախագծերով»,-ասվում է ուղերձում: