29 սեպտեմբերի 2012 - 10:27 AMT
Արտաքին գործերի նախարարությունն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակին

Սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպել էր «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, այս տարի ԻԱԿ-ը հատուկ «Ոսկե բանալի» շնորհեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը` «Բաց կառավարման գործընկերության (Open Government Partnership) միջազգային նախաձեռնությանը ՀՀ անդամակցության և ՀՀ Գործողությունների ծրագրի մշակման և ներկայացման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»:

Մրցանակն ընդունեց Բաց կառավարման գործընկերության ՀՀ միջգերատեսչական խմբի նախագահ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Շնորհակալական խոսքում փոխնախարար Հովակիմյանը շեշտեց ԲԿԳ նախաձեռնության կարևորությունը Հայաստանում կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման համար, ինչպես նաև անդրադարձավ նախաձեռնության շրջանակներում պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ արդյունավետ աշխատանքին:

Հայաստանն անդամակցել է ԲԿԳ նախաձեռնությանը 2011 թ.-ի հոկտեմբերին, իսկ 2012 թ.-ի ապրիլին ներկայացրել նախաձեռնության շրջանակներում իր Գործողությունների ծրագիրը: