29 սեպտեմբերի 2012 - 10:30 AMT
Նյու Յորքում քննարկվել է Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպման ժամանակ քննարկվեցին հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուն և հերոսացնելուն՝ ԵԽ գլխավոր քարտուղարը այն անընդունելի որակեց: Այս առումով նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ և միահամուռ դատապարտող արձագանքը: