
Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության և կադաստրի ոլորտները, եկամուտների ձևավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն անդրադարձան եկամուտների ձևավորմանը, հարկային և մաքսային քաղաքականության` 2011 թ. առանձնահատկություններին:
2011 թվականին գրանցվել է 4.6% տնտեսական աճ, արտահանման աճ` 27.7%, ներմուծման աճ` 10.7%, պետական բյուջեի եկամուտների անվանական աճ` 12.9%, ծախսերի գծով անվանական աճ` 3.4%:
2011 թվականին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3817.3 մլրդ դրամ, ընդ որում, իրական ՀՆԱ-ն աճել է 4.6%-ով: Աճը գրանցվել է տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ շինարարության, որը նվազել է 12.3%-ով:
Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով, ելնելով 4.6% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ ավելի քան 852.4 մլրդ դրամ եկամուտներ, որից 796.4 մլրդ դրամը` սեփական եկամուտների, 56 մլրդ դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների տեսքով: ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 30.7 մլրդ դրամով (3.6%-ով) և կազմել շուրջ 883.2 մլրդ դրամ, որից 818.5 մլրդ դրամը` սեփական եկամուտներից, 64.6 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհներից: 2011 թվականի փաստացի եկամուտները կազմել են 880.9 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 100.4 մլրդ դրամով կամ 12.9% ով, իսկ ծրագրային ցուցանիշը կատարվել է 99.7% ով` պայմանավորված պաշտոնական դրամաշնորհների կատարողականով, որը կազմել է 91.9%, կամ կանխատեսվածից պակաս է ստացվել 5.2 մլրդ դրամ:
Առանց արտաբյուջետային եկամուտների, պետական բյուջեի ընդհանուր եկամուտների կատարողականը կազմում է 99.9%:
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի եկամուտների 74.2%-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին, որոնք կազմել են 654 մլրդ դրամ և 0.1% ով գերազանցել կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված տարեկան ծրագիրը: Նշված գումարից 631.6 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 22.4 մլրդ դրամը` պետական տուրքերը:
2010 թվականի համեմատ հարկային եկամուտները և պետական տուրքերն աճել են 10.1% ով կամ 59.9 մլրդ դրամով: Հարկերի աճը հիմնականում ապահովվել է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և մաքսատուրքի մուտքերի հաշվին:
2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել ավելացված արժեքի հարկից` 328.5 մլրդ դրամ, որը կազմում է ամբողջ հարկային եկամուտների 52%-ը, շահութահարկից` 97.8 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 15.5%-ը, եկամտահարկից` 81.2 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 12.9%-ը, մաքսատուրքից` 36.3 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների 5.7%-ը, հաստատագրված վճարներից (առանց ծխախոտի արտադրանքի, ներմուծվող բենզինի ու դիզելային վառելիքի հաստատագրված վճարների)` 20.7 մլրդ` ապահովելով հարկային եկամուտների 3.3%-ը, բնօգտագործման և բնապահպանական վճարներից` 12.2 մլրդ դրամ, այլ հարկերից` 15.4 մլրդ դրամ, պետական տուրքերից` 22.4 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի եկամուտների 2.5%-ը:
2011 թվականին պարտադիր սոցիալական ապահովության վճարների բյուջետային եկամուտները կազմել են 123.4 մլրդ դրամ` ապահովելով 100% կատարողական:
2011 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 44 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5%-ը:
ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,001.1 մլրդ դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում ծրագիրը ավելացվել է 40.9 մլրդ դրամով (4.1% ով) և կազմել շուրջ 1,042.0 մլրդ դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 986.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 94.7% կատարողական, ինչը պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ և առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ, ինչպես նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի ցածր կատարողականով:
ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկումներն ամփոփվելուց հետո` սեպտեմբերի 29-ին հրավիրած նիստում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես հավանություն տվեց բյուջեի տարեկան հաշվետվությանը` առաջարկելով այն ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում: