29 սեպտեմբերի 2012 - 18:00 AMT
Մեկնարկել է տեխնոլոգիական նվաճումներին և ահաբեկչության դեմ պայքարին նվիրված գիտաժողով

Այսօր մեկնարկել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) և ՆԱՏՕ-ի` «Հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի շրջանակում կազմակերպած «Տեխնոլոգիական նվաճումները քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական, միջուկային և պայթուցիկ նյութերի բարձր արդյունավետությամբ հայտնաբերման, վնասազերծման և զարգացման ասպարեզներում» խորագրով գիտաժողովը, հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից: Գիտաժողովը կազմակերպված է անվտանգության ապահովման, ահաբեկչության և տարերային աղետների դեմ պայքարի նոր հնարավորությունները քննարկելու նպատակով: Հայաստան են եկել 34 գիտնականներ ու մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Թուրքիայից, Կանադայից, Ուզբեկստանից, Ֆրանսիայից, Հնդկաստանից ու ևս 13 երկրներից:

Նրանք համակարծիք են, որ տեխնոլոգիական նվաճումներն ամենամեծ հնարավորությունն են տալիս քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական, միջուկային և պայթուցիկ նյութերը բարձր արդյունավետությամբ հայտնաբերելու և վնասազերծելու համար: Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ուսումնասիրվելու է տարբեր երկրների փորձը. սա հնարավորություն կտա առաջադեմ գիտության հնարավորությունների պայմաններում կոմպլեքս եղանակներ մշակել մարտահրավերներին դիմակայելու համար: