Նույնիսկ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու դեպքում Վարդան Օսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը չի կիրառվի: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցին: Նրա խոսքով, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելը չի խանգարի Օսկանյանին զբաղվել պատգամավորական գործունեությամբ, այլ միայն կնպաստի «լիակատար և օբյեկտիվ նախաքննությանը»:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 27-ին միջնորդությամբ դիմել էր ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» գործի հետաքննության շրջանակներում: