Ինչպես ԱԺ-ում հայտարարել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԲՀԿ խմբակցության անդամ և ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի նման գործերում պարտադիր չէ դիմել իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցելու համար, ասել է գլխավոր դատախազը: Ըստ նրա, առաջնային է հանրային շահը:
Ինչ վերաբերում է «Սիվիլիթասի» հոգաբարձուների խորհրդի անդամների հայտարարությանն այն մասին, որ իրենք տեղյակ էին, որ գումարը փոխանցվել է Վարդան Օսկանյանի հաշվին և դեմ չէին դրան, ապա, ըստ գլխավոր դատախազի, Խորհրդի անդամները ծանոթ չեն այդ գումարների հետագա շարժին և փոխանցումներին: Աղվան Հովսեփյանը հիշատակեց միայն հիմնադրամի տնօրեն Վահե Աղաբեկյանցին: Նա նշեց նաև, որ Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամներից շատերը, որ ստորագրել են հայտարարությունն, այն ժամանակ խորհրդի կազմում չեն եղեկ:
Ավելի վաղ HUNTSMAN BUILDING PRODUCTS ընկերությունն Օսկանյանի անձնական հաշվին փոխանցել է 1 մլն 427 հազար դոլար «Սիվիլիթաս» հիմնադրամի կարիքների համար: Ինչպես հայտարարել են հիմնադրամի ներկայացուցիչները, այդ գումարից 710 հազարն Օսկանյանն արդեն փոխանցել է հիմնադրամին: Գումարի մնացած մասը տոկոսների հետ` 810 հազար դոլար, բարեգործների ցանկությամբ մնում է Վարդան Օսկանյանի անձնական տնօրինության տակ: