1 հոկտեմբերի 2012 - 18:19 AMT
Մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժությունները

ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 1-ից մեկնարկել են մեկամսյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:

Զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈւ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Անցկացվող զորավարժությունները հնարավորություն կտան կատարելագործել պաշտպանության նախապատրաստման և վարման մարտական խնդիրների կատարման, զորքերի վերախմբավորման և փոխգործակցության գործնական հմտությունները, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը: