24 մարտի 2005 - 09:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
«Թուրքիան փորձում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել` Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումներին խոչընդոտելու համար: Սակայն մենք կաշխատենք նորմալ ռեժիմով եւ նախատեսում ենք բազմաթիվ միջոցառումների անցկացում»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: Նրա խոսքերով, այդ հարցը վաղուց արդեն դուրս է եկել զուտ հայկական շրջանակներից, եւ Թուրքիան, զգալով դա, բացում է հակազդեցության լայն ճակատ: «Սակայն այդ ճակատն ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ միջազգային հանրության դեմ»,-ընդգծել է հայ նախարարը` ավելացնելով, որ նման քաղաքականությունը անարդյունավետ կլինի, քանի որ իրականությունը մեկն է, եւ Թուրքիային անհրաժեշտ է հաշտվել դրա հետ: «Ամեն դեպքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը գտնվում են երկու տարբեր հարթությունների վրա եւ չեն խաչաձեւվում: Մեզ համար Ցեղասպանության հարցը նախապայման չէ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու համար: Մենք միշտ պատրաստ ենք եկխոսության թուրքական կողմի հետ, սակայն դրա հետ մեկտեղ հետեւողական ենք լինելու Ցեղասպանության հարցում»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: