2 հոկտեմբերի 2012 - 14:26 AMT
ՀԿԵ-ում անցկացվում է ենթակառուցվածքի աշնանային զննում

Հարավկովկասյան երկաթուղում անցնում է ենթակառուցվածքի աշնանային զննումը: Հատուկ հանձնաժողովը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, այսօր կքննի Այրումից մինչև Գյումրի երկաթուղային հատվածը, ասվու է ընկերության հաղորդագրության մեջ:

Մինչև նոյեմբերի 15-ը անցնելու է գծի, հարակից տարածքների, արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի միջոցների զննումը:

Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը զննման կենթարկվի ՀԿԵ-ի լոկոմոտիվային և մոտորավագոնային ամբողջ շարժակազմը: Զննման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգերի, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին:

Ենթակառուցվածքի զննման ժամանակ հանձնաժողովների ուշադրության կենտրոնում կլինեն կարևորագույն հանգույցներում և կայարաններում ձնամաքրման միջոցների պատրաստվածությունը, վերանորոգման աշխատանքների ընթացքը, կադրերի, ծառայողական-տեխնիկական շենքերի և կոմունալ տնտեսության պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև երկաթուղայինների համար աշխատանքի և հանգստի պայմանների ստեղծումը: