26 մարտի 2005 - 09:51 AMT
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԱՐԱՐԱՏԻ ՎՐԱ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Առասպելական Նոյյան տապանը Արարատի վրա չի հայտանաբերվել. այն ամենը, ինչ նախկինում ընդունում էին որպես այդ լեռան վրա մնացած մի հսկայական նավի մնացորդներ, բնական կազմավորումներ են: Նման հավաստաիցմամբ «Ինտերֆաքսում» մամլո ասուլիսի ժամանակ հանդես են եկել Մեծ Արարարտ լեռ (Թուրքիա) կատարած արշավի մասնակիցները, որը կազմակերպվել էր «Կոսմոպոիսկ» գիտահետազոտական կենտրոնի եւ «Անհայտ մոլորակ» ընկերության կողմից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Այն ամենը, ինչ մենք տեսանք, բոլոր նմուշները, որ մենք հավաքեցինք, վկայում են այն մասին, թե Արարատի արեւմտյան լանջին Նոյյան տապան չկա: Ամեն դեպքում, 1840 թվականի հրաբուխի ժայթքումից հետո, որն ամեն ինչ ոչնչացրել էր, այդ թվում եւ քարացած ծառը, ոչ մի նավ պահպանվել չէր կարող»,-ասել է «Կոսմոպոիսկի» ղեկավար Վադիմ Չերնոբրովը: Չերնոբրովի ղեկավարած արշավախումբը 2004 թվականի երկրորդ կեսին բարձրացել է նախկինում չհետազոտված Արարատ լեռան արեւմտյան լանջով, տեսագրել է եւ Մոսկվա է բերել այնտեղ հայտնաբերված նյութերի նմուշները: Հետազոտողների եզրակացությունը միակն է` Արարատի վրա գտնվող օբյեկտներից եւ ոչ մեկը, որը նախկինում դիտարկվում էր որպես «Նոյյան տապանի» հնարավոր վերջին հանգրվան, նավի բեկոր չի: Այդ ամենը` տարօրինակ բնական կազմավորումներ են , հրաբխային ակտիվության հետեւանքներ, երկրաբանական անոմալիաներ: Ինչպես պարզաբանել է Չերնոբրովը, Արարատի արեւմտյան լանջը ընտրվել է հետազոտությունների համար, քանի որ բոլոր մյուս լանջերի վրա մարդիկ եղել են բազմիցս անգամ` Հյուսիսային լանջի վրա են տեղադրված թուրքական ռազմական օբյեկտները, իսկ Արեւելյանն ու Հարավայինը բաց են լեռնագնացների եւ զբոսաշրջիկների համար: Բացի այդ, լեռան հենց արեւմտյան լանջին, որը Արարատի 1840 թվականի վերջին հրաբխային ժայթքումից հետո, ամերիկյան արբանյակները գրանցել են այսպես կոչված «արարատյան անոմալիան», որը վերեւից արված լուսանկարների վրա կողքի ընկած նավ է հիշեցնում: Հետազոտողը նշել է նաեւ, որ արշավախումբը, ղեկավարվելով ավելի վաղ հրապարակված տվյալներով, իսկապես, հայտնաբերել է լանջի տարբեր մակարդակներում չորս օբյեկտ, որոնք տապան են հիշեցնում` նրանցից երեքը բնական կազմավորումներ են, իսկ մեկը սովորական ոչխարների ավերված փարախ է: Այնուամենայնիվ, հետազոտողները չեն կարծում, թե Նոյյան տապանի թեման փակվում է, ենթադրելով, որ նրա ուսումնասիրությունը կարող է այլ ուղղությամբ ընթանալ: Նրանց խոսքերով, դա է վկայում նաեւ Հայաստանում ` Էջմիածնում պահվող սրբությունը` քարացած փայտի մի բեկոր խաչով, որն ըստ առասպելի առասպելական նավի մի մասն է կազմել: