31 մարտի 2005 - 10:35 AMT
ԴՄԻՏՐԻ ՌՈՒՊԵԼ. ՄԻՆՉԵՎ ԱՄՌԱՆ ՎԵՐՋԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԲԱՑՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը կեսժամյա հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում Դ.Ռուպելը, մասնավորապես, հայտարարել է, որ «մինչեւ ընթացիկ տարվա ամռան վերջը լավ պատուհան է բացվում Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բանակցությունների անցկացման համար: Դա լավ հեռանկար է բացում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»: Արկադի Ղուկասյանն իր հերթին հայտնել է, որ ԵԱՀԿ գործող նախագահին ծանոթացրել է կարգավորման գործընթացի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշմանը եւ ընդգծել, որ առանց Ստեփանակերտի մասնակցության խնդիրը հնարավոր չի լուծել: Լեռնային Ղարաբաղի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը շփման գծում եւ խնդրել Ռուպելին հսկողության տակ վերցնել այնտեղ տեղի ունեցող գործընթացները: Ա.Ղուկասյանը ԵԱՀԿ-ին առաջարկել է ընթացիկ տարվա հունիսին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանային ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել: