8 հոկտեմբերի 2012 - 11:51 AMT
Վ. Օսկանյան. Գնում եմ ԱԱԾ, որովհետև օրենքն է պահանջում, ցուցմունք չեմ տալու

ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆայսբուքի իր էջում անդրադարձել է այսօրվա ԱԱԾ կատարելիք իր այցին: Պատգամավորի գրառումում մասնավորապես ասվում է.

«Այսօր ժամը 12-ին հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով:

Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:

Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու:

Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը բավարարեց սեպտեմբերի 27-ին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը` ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: