1 ապրիլի 2005 - 07:08 AMT
ԵԱՀԿ ԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
«Լեռնային Ղարաբաղի մասին հարցը չի մտել Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի օրակարգ: Սակայն այս հակամարտության վերաբերյալ քննարկումների անցկացումը եւ Հորան Լենմարքերի զեկույցի լսումը չեն բացառվում»: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Սաթար Սաֆարովը, հաղորդում է Day.az-ը: Սաֆարովի խոսքերով, ամառային նստաշրջանի օրակարգը կհաստատվի ապրիլի վերջում բյուրոյի նիստում, որը տեղի կունենա Կոպենհագենում: Պատգամավորը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Հորան Լենմարքերի զեկույցը դեռեւս պատրաստ չէ: Հաղորդելով նաեւ, որ ինքն արդեն ծանոթ է զեկույցի նախնական տարբերակին, Ս.Սաֆարովը ասել է, որ նախնական տարբերակում արտացոլվել է «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան»: «Լենմարքերի զեկույցում կան մեզ բավարարող եւ չբավարարող պահեր: Սակայն ես չէի ցանկանա դեռեւս մանրամասն պատմել դրա մասին: Ես հուսով եմ, որ մոտ ժամանակներս պատրաստ կլինի զեկույցի վերջնական տարբերակը»,-ավելացրել է նա: