ՀՀ ԱԺ միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը վտանգավոր ոչինչ չի տեսնում Հայաստանի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 15-ին Թուրքիա կատարելիք այցում՝ համարելով, որ այն հիմնականում կապված է լինելու երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության հարցերի հետ:
«Քաղաքական գործոն կա, սակայն գերակշռում է տնտեսական շահը»,-հայտարարել է նա մամլո ասուլիսում:
Զաքարյանը նաև մեկնաբանել է լուրերն այն մասին, թե Թուրքիայից հետո Պուտինը կարող է Ադրբեջան այցելել, այն դեպքում, երբ ըստ որոշ հայկական ԶԼՄ-ների, նա պետք է սեպտեմբերին այցելեր Հայաստանում կայացած ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժությունները, որի մեկնարկը հատուկ նրա համար հետաձգվեց, սակայն, նա այդպես էլ չայցելեց Հայաստան:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել այն, որ Պուտինը չայցելեց Հայաստան և կարող է Բաքու այցելել՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ Պուտինը պետք է Հայաստան գար, բայց չեկավ, չի եղել: