8 հոկտեմբերի 2012 - 13:36 AMT
Երևանում կգործի սիրիական ծրագրով դպրոց՝ Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաների համար

Վաղը Երևանի Նար Դոսի անվան դպրոցում տեղի կունենա սիրիական կրթական ծրագրով (արաբերենով) «Կիլիկեան» դպրոցի բացումը: Դպրոցի ստեղծումը նախաձեռնել է «Կիլիկիա» բարեսիրական կազմակերպությունը` Հայաստանում հաստատված սիրահայերի ընտանիքների համար, որպեսզի երեխաների կրթական գործընթացը չընդհատվի:

Այդ նպատակով, հուլիսին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և աշխատակիցների ուժերով ստեղծվեց աշխատանքային-կրթական հանձնախումբ, որի մեջ մտան սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական գործի պատասխանատուներ, մանկավարժներ: ՀՀ սփյուռքի նախարարությունը համակարգեց սիրիական կրթական ծրագրով դպրոցի ստեղծման գործնընթացը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աջակցությամբ, նախաձեռնող կազմակերպության հետ համատեղ: Կայացան բազմաթիվ աշխատանքային խորհրդակցություններ ՀՀ սփյուռքի, կրթության և գիտության նախարարների մոտ, որի արդյունքում, օգոստոս-սեպտեմբերին աշխատանքներ տարվեցին Հայաստանում, մասնավորապես, Երևանում գտնվող սիրիահայ երեխաների, ուսուցիչների հաշվառման, դասարանների համալրման, Սիրիայից 1-9-րդ դասարաններում դասավանդվող առարկաներին համապատասխան դասագրքերից 1-ական օրինակների ձեռքբերման և բազմացման, դպրոցի ընտրության, դասարանները դպրոցական կահույքով և պարագաներով ապահովելու, ուսումնական գործընթացին առնչվող այլ խնդիրների լուծման ուղղությամբ: