8 հոկտեմբերի 2012 - 14:07 AMT
Մայրաքաղաքը պատրաստվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, գերատեսչություններին և կառույցներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել անցյալ շաբաթ կայացած համաքաղաքային շաբաթօրյակին: Հանձնարարվել է նաև մշտական հսկողություն իրականացնել աղբի կուտակման խրոնիկ վայրերը վերացնելու ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետին զեկուցվել է, որ հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ շարունակվում են միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Էրեբունի արգելոց- թանգարանում և Հանրապետության հրապարակում նախատեսվող համերգային ծրագրերից բացի, տոնն առավել զանգվածային դարձնելու նպատակով, մայրաքաղաքում տեղադրվելու են նաև 26 այլ բեմահարթակներ:

Տոնին ընդառաջ ընթացքի մեջ են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցները՝ հոկտեմբերի 14-ին հասարակական տրանսպորտի և մետրոպոլիտենի աշխատանքը մինչև ուշ երեկո ապահովելու ուղղությամբ:

Տոնակատարության շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվեն քաղաքաշինական և գեղարվեստական խորհուրդների կողմից հավանության արժանացած քանդակագործներ Թերեզա Միրզոևայի և Աշոտ Հարությունյանի հեղինակած արձանները: