8 հոկտեմբերի 2012 - 17:02 AMT
«ՀԿԵ» ՓԲԸ-ն սկսել է ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ-ի համար

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սկսեց ածուխի փոխադրումները Երևանի ՋԷԿ-ի համար Վարդենիս կայարանից: Շաբաթ օրը ուղարկվեցին առաջին 26 վագոնները՝ 1,6 հազար տոննա ընդհանուր քաշով: Մինչև 2012 թվականի ավարտը, համաձայն «ՀԱՍԱ» ընկերության հետ փետրվարի 13-ին կնքված պայմանագրի, փոխադրվելու է 700 հազար տոննա ածուխ, իսկ ածուխի տարեկան փոխադրումների ծավալը կկազմի 1,5 մլն տոննա:

Վարդենիսից Երևան բեռնափոխադրումների տևողությունը կազմում է 8 ժամ: Գնացքի ընդհանուր քաշը ներկա պահին կազմում է 2,2 հազար տոննա, իսկ մոտակա ժամանակ այն կկազմի արդեն 2,5 հազար տոննա:

Այս ծրագրի իրականացման համար «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումները կազմեցին 120 մլն դրամ, որոնք ուղղվեցին Վարդենիս կայարանի վերանորոգմանը, ուղիների կառուցմանը, ածուխի բեռնման և բեռնաթափման համար նախատեսված հրապարակի ձևավորմանը: Նաև վերանորոգվեց Վարդենիս կայարանի ուղևորային շենքը, ստեղծված են սպասարկող անձնակազմի աշխատանքի համար բարեպաստ պայմաններր: Ներկա պահին կառուցվում են վագոնային կշեռքներ, որոնք նախատեսված են բեռնվող հումքի ճիշտ քաշը որոշելու համար:

Ծրագրի իրագործումը նախատեսում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում. ավելանալու է գխավոր կոնդուկտորների, ընդունող-հանձնող անձնակազմի, գանձապահների և վագոններ զննոզների թիվը, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: