
Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում հայտնաբերված աշխարհի հնագույն գինու հնձանի հայտնաբերումը լավագույն հնարավորությունն էր Արենին որպես գինու հայրենիք գրանցելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հնձաները հայտնաբերած հնագետ Բորիս Գասպարյանը:
Ըստ հնագետի, վրացիները երկար աշխատանք են կատարել, և պետական մոտեցման շնորհիվ իրենց երկիրը հռչակել են գինու բնօրրան: Հանրահռչակելու առումով, ըստ Գասպարյանի, մենք բավական հետ ենք մնացել:
Գիտնականն ասում է, որ կոռեկտ չէ խոսել, թե ումն է գինին: Պետք է պարզապես նշել, թե որն է գինու հայրենիքը: Հնագետը դժվարանում է խոսել Հայաստանի անելիքների մասին, քանի որ լավ ծանոթ չէ գրանցման կարգին ու կառույցին: Բայց միանշանակ կարծում է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ նրանք դիմել են ԵՄ-ի հարցերով իրավաբաններին, որոնք մեծ գումար են պահանջում, որպեսզի Հայաստանի շահերը պաշտպանեն: Նրա խոսքով, իրենց նպատակն է չեղյալ հայտարարել Վրաստանը գինու բնօրրան հայտարարելու փաստը: