10 հոկտեմբերի 2012 - 15:21 AMT
Սկսվել է «Հարսնաքարի» գործով 4 –րդ նիստը

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է «հարսնաքարի» գործով 4-րդ դատական նիստը:

Դատական նիստը սկզբում հետաձգվեց 20 րոպեով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Թովմասյանի ուշանալու պատճառով:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի հարազատները հրաժարվել են փաստաբան Վաղարշակ Գևորգյանի ծառայություններից: Պատճառն այն է, որ Վաղարշակ Գևորգյանը նշել էր, որ չի կարող գործի նյութերին ծանոթանալ այն ժամանակահատվածում, որն իրենց տրամադրել է դատավորը` 7 օրում: Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում փաստաբանը խնդրել էր 14 օր գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն դատարանն այդ ժամկետը ողջամիտ չէր համարել և հատկացրել էր 7 օր:

Համաձայն դիմումի` դատարանը փաստաբան Միհրան Պողոսյանին ներգրավեց որպես Արման Բաղդասարյանի շահերի պաշտպան:

Փաստաբան Միհրան Պողոսյանը 15 րոպե խնդրեց որոշակի նութերի համար , դատարանը 15 րոպեով հետաձգեց նիստը:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: