
Լողաշրջանում այս տարի ավելի քիչ մարդ է խեղդվել, քան անցյալ տարի: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ԱԻՆ Ջրափրկարարական ծառայության ղեկավար Սամվել Մկրտչյանը` ամփոփելով հոկտեմբերի 1-ին Հայաստանում փակված լողաշրջանում: «Եթե 2010թ. լողաշրջանում խեղդվել էր 4 հոգի, 2011-ին` 6, ապա այս տարի խեղդվել է 7 հոգի, որից միայն 4-ը` լողաշրջանում: Այսինքն, 2 հոգով պակաս է խեղդվել, իսկ ևս երեքը խեղդվել են ձմռանը»,- նշեց նա` հավելելով, որ Վարդավառի օրը խեղդվելու դեպքեր չեն գրանցվել:
Ջրափրկարարական ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ 2012թ. ընթացքում ԱԻՆ-ը ստացել է 27 ահազանգ, ինչի արդյունքում փրկվել է 34 մարդ: «Ողջունելի է, որ հայերը, եթե նախկինում ձգտում էին գնալ հեռու վայրեր, որտեղ քիչ մարդ կա, ապա այժմ ավելի շատ հակված են գնալ այնպիսի լողափեր, որտեղ կա հսկողություն, և իրենց ավելի ապահով զգալ»,- ասաց նա:
Սամվել Մկրտչյանը նշեց, որ այս տարի կբացվեն ևս 5 նոր հանրային լողափեր Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում, Դրախտիկ, Լճաշեն, Ծովազարդ, Նորատուս համայնքին հարակից տարածքներում: «Այդ լողափերի համար մենք 35 նոր աշխատակից ենք պատրաստել: Շուտով մեր ծառայությունը կունենա նաև նոր համազգեստ»,- հայտնեց նա` հավելելով, որ հաջորդ տարի լողաշրջանը կբացվի հունիսի 1-ին: