11 հոկտեմբերի 2012 - 13:13 AMT
Պարտադրված վայրէջք. Ռուսաստանը բացատրություններ է պահանջում Թուրքիայից

Անկարան, խախտելով երկկողմ հյուպատոսական կոնվենցիան, թույլ չի տվել ռուս դիվանագետներին հանդիպել Անկարայում վայրէջքի պարտադրված սիրիական ինքնաթիռի ռուս ուղևորների հետ: Մոսկվան պնդում է, որ Թուրքիայի իշխանությունները բացատրեն իրենց գործողություններն ու միջոցներ ձեռնարկեն, թույլ չտալու համար, որ նման միջադեպերը կրկնվեն, ասվում է Ռուսաստանում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երեկ երեկոյան Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչները ստիպել են Մոսկվայի «Վնուկովո» օդակայանից Դամասկոս ուղևորվող Аirbus А320-ը պարտադրված վայրէջք կատարել: Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռում 17 ռուսաստանցի է եղել:

Խուզարկության ժամանակ թուրքական իշխանությունները որոշ ռազմական սարքավորումներ են առգրավել, և հետո միայն թույլ տվել, որ ինքնաթիռն օդ բարձրանա:

«Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է թուրքական իշխանություններից թույլ տալ, որ հյուպատոսության աշխատակիցներն ու բժիշկը հանդիպեն ռուսաստանցի քաղաքացիների հետ: Սակայն թուրքական իշխանությունները, առանց բացատրելու պատճառները և խախտելով երկկողմ հյուպատոսական կոնվենցիան, թույլ չի տվել ռուս դիվանագետներին հանդիպել Անկարայում վայրէջքի պարտադրված սիրիական ինքնաթիռի ռուս ուղևորների հետ, որոնց 8 ժամ դուրս չեն թողել օդանավակայանից: Նրանք չեն ապահովվել սնունդով»,-ասել է Լուկաշևիչը: