12 հոկտեմբերի 2012 - 16:28 AMT
Հենրիխ Մխիթարյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Ռաֆայել Վահանյանը Երևանի պատվավոր քաղաքացիներ են

Հոկտեմբերի 12–ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել կառավարության պահուստային ֆոնդից որպես կապիտալ սուբվենցիա տրամադրված 1,300,000.0 հազար դրամը մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող 36 դպրոցների ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով օգտագործելու մասին որոշման նախագծին:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը, Երևան քաղաքի 2794- րդ տարեդարձի առթիվ, ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև թատերարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ձեռքբերումների համար Երևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանին, շախմատի բնագավառում ունեցած մեծ վաստակի և ներդրած նշանակալի ավանդի համար միջազգային գրոսմայստեր, հանրահայտ շախմատիստ Ռաֆայել Արտեմի Վահանյանին, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Համլետի Մխիթարյանին Երևանի ավագանու որոշմաբ շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։