
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը ներկա էին նաև ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Կողմերը քննարկել են ոռոգման համակարգում իրականացվող եւ նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀԲ աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» ընթացքից:
«Մեր օրակարգում շարունակում է մնալ առավելագույնս արդյունավետ ոռոգման համակարգ ունենալու հարցը, որի միջոցով հնարավոր կլինի ոռոգման ջրով ապահովել գյուղացիական բոլոր տնտեսությունների պահանջարկը»,-նշել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ արվի ջրի կորուստների, ջրի ինքնարժեքի նվազման, ՋՕԸ-երի կարողությունների հզորացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: