12 հոկտեմբերի 2012 - 17:51 AMT
Շիրազի քաղաքապետ. Մեր քաղաքների պայմանների նմանությունը թույլ կտա համագործակցել կառավարման ոլորտում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի քաղաքապետ Ալիռեզա Պակֆետրատի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությանը մասնակցելու առիթով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանն առանձնացրել է համագործակցությունը հատկապես ինքնակառավարման մարմինների միջև:

«Երևանի քաղաքապետարանը համագործակցում է նաև Թեհրան, Թավրիզ և Սպահան քաղաքների քաղաքապետարանների հետ, և վստահ եմ, որ այդ հարաբերությունների զարգացման ներուժը լավ հեռանկար ունի»-, ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ալիռեզա Պակֆետրատը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Շիրազ քաղաքի զարգացման ուղղությունները և նշել, որ որպես հին մշակույթ ունեցող քաղաքներ՝ Շիրազը և Երևանը կարող են առավել ընդլայնել հարաբերություններն ու համատեղ ծրագրեր իրականացրել տարբեր ոլորտներում:

«Երևանի և Շիրազի բնակչության թվաքանակի, աշխարհագրական դիրքի և բնակլիմայական պայմանների նույնականությունն էլ հաշվի առնելով՝ կարծում եմ շատ լավ կհամագործակցենք նաև կառավարման ոլորտում»,- նշել է Շիրազ քաղաքի քաղաքապետը և Տարոն Մարգարյանին հրավիրել է այցելել Շիրազ՝ համագործակցությունը ամրապնդելով նաև փոխայցերով: