15 հոկտեմբերի 2012 - 13:10 AMT
Պուտին. Հայաստանի և Ռուսաստանի փոխշահավետ համագործակցությունը թափ է ստանում

Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է Ռուսաստանի հուսալի դաշնակիցը: Այդ մասին ասվում է ողջույնի խոսքում, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հղել է այսօր Երևանում բացված Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարի մասնակիցներին և հյուրերին: Ուղերձն ընթերցել է ՌԴ Դաշնային ժողովի ֆեդերացիայի խորհրդի անդամ, Ռուսաստանի հերոս, ԽՍՀՄ հերոս Արթուր Չիլինգարովը:

«Բոլորին հայտնի է հայ ժողովրդի ավանդը համաշխարհային մշակույթի, գիտության, արվեստի մեջ: Նրա հարուստ մշակութային ժառանգությունը յուրահատուկ արժեք է, որը պատկանում է ողջ մարդկությանը»,- ասել է Պուտինը:

«Շատ դարեր ռուսներին և հայերին կապում են բարեկամության, փոխադարձ հարգանքի և հոգևոր մերձության կապերը: Բարի ավանդույթների հիման վրա հաջող զարգանում են մեր պետությունների միջև կապերը, այսօր դրանք հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի:

Թափ է ստանում տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը, կառուցողական փոխգործակցությունը տարածաշրջանային և միջազգային գործերում»,- նշել է Պուտինը:

«Խորհրդանշական է, որ խոշորագույն հայկական համայնքը բնակվում է Ռուսաստանում: Նրա ներկայացուցիչները, միավորված «Ռուսաստանի հայերի միության» մեջ, կարևոր դեր են խաղում մեր երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Այդ կազմակերպությունն ակտիվորեն նպաստում է ազգամիջյան և միջկրոնական համաձայնության ապահովմանը, հիրավի մեծ հեղինականություն է վայելում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև արտասահմանում: Հենց նա է դարձել Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծման նախաձեռնողը»,- հավելել է ՌԴ նախագահը:

Պուտինը մաղթել է համագումարի պատվիրակներին բեղմնավոր աշխատանք և հաջողություններ, իսկ եղբայրական հայ ժողովրդին` բարօրություն և բարգավաճում: