15 հոկտեմբերի 2012 - 13:09 AMT
Նորաձևության Facehunter անունով հայտնի բլոգերն առաջին անգամ Երևանում է

Նորաձևության ոլորտում Facehunter անունով հայտնի բլոգեր, սթրիթ-սթայլ լուսանկարիչ Իվան Ռոդիչը ժամանել է Երևան: Այսօր կայացած մամլո ասուլիսում նա պատմեց, որ եկել է ծանոթանալու Հայաստանի մայրաքաղաքի նորաձևության տրենդներին և մշակութային անցուդարձին: «Երկար ժամանակ է, ինչ ուզում էի գալ Հայաստան ու շատ լավ եմ ճանաչում հայկական մշակույթը: Մի քանի տարի առաջ Փարիզի նորաձևության շաբաթի ընթացքում ծանոթացա Գեորգի Ամբարձումյանի հետ և որոշեցինք կազմակերպել իմ այցը Հայաստան»,- նշեց նա` հավելելով, որ Երևանում 2 օր է լինելու և փորձելու է ծանոթանալ երևանյան նորաձևությանը փողոցում:

Դրա հետ մեկտեղ սթրիթ-սթայլ լուսանկարիչը շեշտեց, որ նորաձևությունն իր համար մշակութային և սոցիալական ֆենոմեն է:

«Ինձ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է անհատականությունը գոյատևում գլոբալ հասարակության մեջ, ինչպես է իրեն դրսևորում, ցույց տալիս իր «ես»-ը: Մշակութային տեսակետից ինձ հետաքրքիր են նաև ազգային հագուստները, ուստի եթե ժամանակ ունենամ, անպայման կայցելեմ Հայաստանի Պատմության թանգարան և կուսումնասիրեմ հայկական տարազները»,- ասաց նա:

Իվան Ռոդիչը ոչ միայն սթրիթ-սթայլ լուսանկարիչ է, այլև մշակութային վերլուծաբան, բլոգեր, որը նպատակ է հետապնդում բացահայտել նորագույն համաշխարհային տրենդները, ընթացիկ մշակութային իրադարձություններն ու նորաձևությունը:

Այսօր` ժամը 18:00-ին, Ռոդիչը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդես կգա «Ինչպես է բլոգինգը փոփոխում նորաձևությունը» խորագրով դասախոսությամբ: