15 հոկտեմբերի 2012 - 17:37 AMT
Աղետների կառավարման ճապոնացի մասնագետները Երևանում են

Այսօր ԱԻ նախարարություն են այցելել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աղետների կառավարման մասնագետ Ցուկիձո Մեգումին և «ՕՅՕ» միջազգային ընկերակցության սեյսմոլոգ-ինժեներ Ֆումիո Կանեկոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարաությունից:

Այցի հիմնական նպատակը նախարարության և ճապոնական գործակալության իրականացրած ծրագրերի ամփոփումն էր և արդյունքների գնահատումը։

Նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին` օժանդակության և արդյունավետ համագործակցության համար։

«Մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցավ ՀՀ-ում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագրի իրականացումը, որի ավարտին մենք լուրջ դրական արդյունքներ ունեցանք»,- ասել է Հայկարամ Մխիթարյանը: Ֆումիո Կանեկոն նշել է, որ չնայած Հայաստանը համեմատաբար վերջերս է սկսել զարգացնել իր արտակարգ իրավիճակների կառավարման համակարգը` իրենց համագործակցությունը շատ դրական արդյունքներ է արձանագրել, որտեղ մեծ է ՀՀ ԱԻ նախարարության ներդրումը։