15 հոկտեմբերի 2012 - 18:01 AMT
Քաղաքաշինության նախկին նախարարին հարցաքննել են

Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է ոստիկանություն հարցաքննության` որպես վկա քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: PanARMENIAN.Net –ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վարդան Վարդանյանը հարցաքննվել է ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներում չարաշահումների առիթով հարուցված քրեական գործի շրջանակում:

Հիշեցնենք, որ Գխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2012թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: