17 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր ավտոմեքենան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի բազայի մոտ

Մահապարտ ահաբեկիչը չորեքշաբթի առավոտյան Պակտիա նահանգում ականապատ ավտոմեքենայով գրոհել է Աֆղանստանի ազգային բանակի և ՆԱՏՕ-ի համատեղ բազայի վրա: Նախնական տվյալներով, տուժել է 60 հոգի, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդում է նահանգապետի տեղակալ Աբդուլ Ռահման Մանգալը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08:15-ին Զորմատ գավառում, երբ ահաբեկիչն ականապատ մեքենայով հարվածել է ռազմական օբյեկտի դարպասներին: Նրա տվյալներով, վիրավորվել են աֆղանական ազգային բանակի 45 զինծառայողներ:

Միաժամանակ, Զորմատ գավառի ադմինիստրացիայի ղեկավար Զորմատ Ագա Գոլ Ահմադզայը հաղորդել է 8 խաղաղ բնակիչների, այդ թվում` երեխաների վիրավորվելու մասին:

Պաժվակ գործակալությունը հաղորդում է, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մարդիկ դուրս են վազել տներից, մտածելով, որ երկրաշարժ է:

Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա վերցրել է «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: