17 հոկտեմբերի 2012 - 16:34 AMT
Կուսակցությունները՝ ՀԱԿ-ի նոր առաջարկների մասին

Ընտրությունների անցկացման վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկած բարեփոխումների փաթեթի մասին որոշ կուսակցություններ կարծիք են արտահայտել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ նման փաթեթ «Ժառանգությունը» դեռ 2008թ.-ին է ներկայացրել ԱԺ: Այն ժամանակ ԱԺ-ի բոլոր կուսակցությունները դեմ են քվեարկել այդ փաստատթղթին: «Ես դեռ մանրամասն չեմ ծանոթացել այդ փաստաթղթին և չգիտեմ, թե որքանով է նման 2008թ-ին ընտրությունների անցկացման վերաբերյալ իմ առաջարկածին: Բարեբախտաբար, այս տարի կարծես միայն ՀՀԿ-ականներն են դեմ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ընտրությունների անցկացման վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների փաթեթը: Վերջինիս վերաբերյալ կոնգրեսը բանակցություններ է սկսելու ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ:

ՀՅԴ-ն արդեն իսկ համաձայնություն է տվել այս նախագծի քննարկմանը:

ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենք դեռ չեն ստացել այդ փաթեթը, և եթե կլինեն այնպիսի առաջարկներ, որոնք իսկապես կտանեն ազատ, արդար ընտրությունների, իրենք նույնպես կողմ կլինեն:

ԲՀԿ-ում և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում նույնպես դեռ չեն քննարկել առաջարկների փաթեթը: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ իրենք նույնպես ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտություն են տեսնում և ունեն որոշ առաջարկներ: