14 ապրիլի 2005 - 09:37 AMT
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ 7 ՄԻԼԻՈՆ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Պետական Ճարտարագիտական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի, Երեւանի պետական գեղարվեստական ակադեմիայի, Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ 2005 թվականի ապրիլի 23-ին Ճարտարագիտական համալսարանի շենքում մեկնարկում է «Չբացված գարուն» էլեկտրոնային ցուցահանդեսը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Մինչեւ ապրիլի 18-ը ընդունվում են համակարգչային գրաֆիկայի ծրագրերով կազմաված էլեկտրոնային պլակատներ: Միջոցառման մասնակիցներ կարող են դառնալ բոլոր ուսանողները, անկախ ազգային պատկանելությունից: Միջբուհական ծրագիրը ֆինանսավորում է Համահայկական երիտասարդական հիմնադրամը: Հիմնադրամի տեղեկատվության բաժնի պետ Աստղիկ Ավետիսյանը հաղորդել է, որ ցուցահանդեսի լավագույն աշխատանքները կտարածվեն ինտերնետով տարբեր ազգությունների յոթ միլիոն հասցեատերերի, այդ թվում թուրքերի եւ ադրբեջանցիների: Հաղթողների առաջին եռյակի համար կազմակերպիչները սահմանել են դրմական պարգեւներ համապատասխանաբար 100 հազար, 50 հազար եւ 25 հազար դրամի չափով: Մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսել էր Համահայկական երիտասարդական հիմնադրամը սիրիական Դեր Զոր անապատում, որտեղ նահատակվել են տասնյակ հազարավոր բռնագաղթված հայեր, Ա.Ավետիսյանի խոսքերով, չեղյալ են հայտարարվել Սիրիայի շուրջ ստեղծված լարված քաղաքական իրավիճակի պատճառով: