14 ապրիլի 2005 - 10:37 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԿԱՅԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՄՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Հայաստանում Վրաստանի դեսպանության շենքի առաջ ապրիլի 14-ին կայացել է բողոքի ակցիա ` կազմակերպված հայկական բուհերի ուսանողների կողմից, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Միջոցառումն ուղղված է եղել Վրաստանի հայ բնակչության աջակցությանը, մասնավորապես, Սամցխե Ջավախեթիի: Երեւանի կենտրոնում հավաքված ուսանողությունը տանում էր պլակատներ` «Վրաստանում իրականացվում է հայերի ձուլման քաղաքականություն», «Ոչ վրացական նացիզմին», «Ոչ վրացականացմանը», «Վրաստանում հայ բնակչության հանդեպ իրականացվում է սպիտակ եղեռն»: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով` նրանք չեն հետապնդում քաղաքական նպատակներ եւ հանրահավաքը խաղաղ բնույթ է կրում: «Մենք հասկանում ենք, որ Վրաստանը իրականացնում է ազգային քաղաքականույթուն, սակայն այդ քաղաքականությունը դուրս է գալիս բանականության սահմաններից»,-հայտարարել է ակցիայի կազմակերպիչ Արսեն Բալյանը: «Մենք խնդրում ենք Վրաստանի իշխանություններին չենթարկվել ազգերի միջեւ հակամարտություններ հրահրող առանձին ուժերի սադրանքին, քանզի Վրաստանը եւ Հայաստանը երկու բարեկամական երկրներ են»,- նշել է նա: Ակցիայի մասնակիցները հանձնել են դեսպանորդ Գեորգի Սագանելիձեին նամակ: Վերջինս, ուսանողների խոսքերով, երաշխավորել է, որ Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում չի իրականացվի թուրք-մեսխեթինների բնակեցման քաղաքականությունը: Ընթացիկ տարվա աշնանը, դեսպանորդի խոսքերով` Ախալքալակում կվերանորոգվեն ներքին ճանապարհները, ինչպես նաեւ կկառուցվի Ախալքալակ-Թբիլիսի մայրուղին, մինչեւ աշուն կորոշվի նաեւ տարածաշրջանի էներգամատակարարման հարցը: Ինչ վերաբերում է հայկական պատմական եւ մշակութային հուշարձանների ավիրմանը, ապա դեսպանորդը հավաստիացրել է, որ մեղավորներն արդեն պատժվել են, իսկ մնացած հոււշարձաններին ոչինչ չի սպառնում, եւ դրանք պահպանվում են պետության կողմից: Միջոցառման կազմակերպիչները հայտարարել են, որ մինչեւ 2005 թվականի աշուն` մինչեւ Սագանելիձեի նշանակված ժամկետները, բողոքի նոր ակցիաներ չեն նախատեսվում: