18 հոկտեմբերի 2012 - 10:00 AMT
«Ժողովուրդ». Քրեական հեղինակությունը չի ենթարկվել ոստիկանների հրահանգներին

Երեկ՝ Ժամը 16:30-17:00-ի սահմաններում, Կիևյան փողոցում «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները հետապնդելով կանգնեցնում երկու թանկարժեք ավտոմեքենաներ և դրանցից մեկում եղած 6 երիտասարդների բերման ենթարկում: Ավելի ուշ պարզվել է, որ համազգեստավորները «թիկնապահաթափ» էին անում Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամալյանին:

Մեքենաներից առաջինում Ջնդին, կինն ու երեխան էին, իսկ երկրորդում 6 թիկնապահ: Ու քանի որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է երկիրը մաքրել թիկնապահներից, երեկ ոստիկանները հրապարակավ կանգնեցրին ավտոմեքենաներն ու թիկնապահներին տարան ոստիկանություն՝ զգուշացնելու, որ այլևս ինքնագլուխ թիկնապահ չաշխատեն:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝մի քանի ամիս առաջ Ջնդիին ասվել է, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է վերացնել թիկնապահներին, բայց քրեական հեղինակությունը չի ենթարկվել: