18 հոկտեմբերի 2012 - 15:00 AMT
Ալեքսանդր Ռադիկով. Զբոսաշրջիկը պետք է վստահ լինի, որ 5 աստղանի հյուրանոցը ԱՊՀ բոլոր երկրներում է 5 աստղանի

Այսօր տեղի է ունեցել զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ երկրների հերթական խորհրդի նիստը: Այսպիսի նիստ տեղի է ունենում տարին 2 անգամ, ԱՊՀ երկրներից մեկում:Այսօրվա նիստը նախագահող ՌԴ Զբոսաշրջային դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադիկովի խոսքով ԱՊՀ երկրները տուրիզմի մեծ պոտենցիալ ունեն, երկրներից ամեն մեկն իրեն հատուկ ճյուղն է զարգացնում, բացի այդ վիզայի ռեժիմն է հանված:

Նրա խոսքով երբ սահմանները բացվեցին, մարդիկ սկսեցին դեպի արևմուտք ճամփորդել, բայց հիմա երիտասարդները, որոնք հնարավորություն չեն ունեցել ԽՍՀՄ տարածքում ճամփորդել, արդեն հետաքրքրվում են ԱՊՀ երկրներով:

«Տուրիզմը զարգացնելու համար առաջին հերթին ենթակառուցվածքները պիտի զարգացնենք, ավիահաղորդակցությունն ավելի մատչելի դարձնենք, տեղեկատվական դաշտ ստեղծենք»,- ասաց Ալեքսանդր Ռադիկովը:

Նա նշեց, որ խորհրդի այս նիստում քննարկվելու է միացյալ տուրիստական միջավայր ստեղծելու հարցը: Զբոսաշրջիկը պետք է վստահ լինի, որ 5 աստղանի հյուրանոցը ԱՊՀ բոլոր երկրներում է 5 աստղանի:

Հիշեցնենք, որ զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ երկրների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի 1994 թ հոկտեմբերի 9-ի որոշմամբ: