18 հոկտեմբերի 2012 - 18:08 AMT
Երևանում կներկայացվեն ընտրությունների աջակցմանն ուղղված ԵԱՀԿ և ԵՄ ծրագրի միջանկյալ արդյունքները

Հայաստանում 2012 և 2013թթ. ժողովրդավարական ընտրությունների աջակցմանն ուղղված ԵԱՀԿ և ԵՄ համատեղ ծրագրի միջանկյալ արդյունքները կներկայացվեն հոկտեմբերի 22-ին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան կներկայացնեն միջազգային ստանդարտներին համապատասխան ընտրական վարչարարության արդյունավետության ու ընտրական գործընթացների թափանցիկության բարելավմանն ուղղված ծրագրի միջանկյալ արդյունքները: Ծրագրի առաջին մասն անդրադառնում էր 2012թ. խորհրդարանական ընտրություններին, մինչդեռ երկրորդ մասը կներառի աջակություն 2013թ. նախագահական ընտրությունների անցկացմանը:

Կներկայացվեն ծրագրի առաջին փուլի արդյունքները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ընտրական և իրավապահ պաշտոնյաների, ինչպես նաև լրագրողների վերապատրաստում և հմտությունների կատարելագործում, հանրային իրազեկման մակարդակի բարձրացում, աջակցություն տեղական դիտորդներին և ընտրությունների լուսաբանման դիտորդում:

Հայաստանում ընտրությունների աջակցության ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1.7 միլիոն եվրո: Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` ԵՄ ֆինանսավորմամբ: