16 ապրիլի 2005 - 10:38 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՀՊԱՆՎԵԼ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները զարգանում են: Նկատվում է պետական մակարդակով մեր երկրների միջեւ համագործակցության ակտիվացում: Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանականները պարբերաբար հանդիպում են ինչպես Անկարայում, այնպես էլ Երեւանում: Բացի այդ, վերջերս Թուրքիա հյուրախաղերով ժամանել էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը, տեղեկացնում է թուրքական The New Anatolian պարբերականը: Խոսելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում սահմանների վերաբացմանը վերաբերող հարցին, Աբդուլլա Գյուլը նշել է, որ երկու երկրների խորհրդարանականները աշխատում են հայ-թուրքական հարաբերությունների ինտենսիվ զարգացման ուղղությամբ:« Մեր երկրների միջեւ հարաբերությունների ներկա վիճակը չի կարող երկար պահպանվել առանց փոփոխության: Ասելով «մեր երկրները»` նկատի ունեմ Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանը Հույս ունեմ, որ մենք կլուծենք մեր խնդիրները», - ավելացրել է նա: