19 հոկտեմբերի 2012 - 21:31 AMT
Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում ԵՄ միանշանակ արձագանքը Սաֆարովի գործարքի վերաբերյալ

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հանուն ժողովրդավարության և համերաշխության Եվրոպական ֆորումի պատվիրակությանը՝ փոխնախագահ Յան Մարինուս Վիերսմայի գլխավորությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, իրականացվող ծրագրերը, Ասոցացման համաձայնագիրը, խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը։ Զրույցի ընթացքում կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ երեկ նախաստորագրված համաձայնագիրը, որը հանդիպման մասնակիցների բնորոշմամբ կխթանի մարդկային շփումները և փոխանակումները Հայաստանի և ԵՄ երկրների միջև։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Հայաստան – ԵՄ համագործակցության խորհրդարանական ձևաչափի շուրջ, ընդգծելով, որ այն կարևոր դեր է կատարում փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու գործում։

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի էությունը, Ադրբեջանի ապակառուցողական քայլերը։ Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵՄ միանշանակ արձագանքը Սաֆարովի գործարքի վերաբերյալ, Եվրախորհրդարանի կողմից ընդունած դատապարտող բանաձևը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում ԵՄ միանշանակ արձագանքը Սաֆարովի գործարքի վերաբերյալ